2012-09-20 13:35:11

Դուդուկի Համահայկական Փառատօնի Փակման Հանդիսաւոր Արարողութիւնը


Սեպտեմբերի 18-ին Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպված Դուդուկի համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Չորս օր շարունակ՝ սեպտեմբերի 14-18-ը, հայկական ծիրանափողի կախարդական մեղեդին հնչեց Երևանում, Գյումրիում, Գավառում՝ հիացնելով, հուզելով ունկնդրին:
Արամ Խաչատրյան համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում հնչեց Դուդուկի փառատոնի վերջին՝ հրաժեշտի մեղեդին:
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղ. ղեկավար Նորայր Դավթյան) նվագակցությամբ հայ ժողովրդական մեղեդիների «ծիրանափողյան» մեկնաբանությամբ ելույթ ունեցան հայաստանցի և սփյուռքահայ դուդուկահարները՝ Մարտին Ղազարյան (ՌԴ, Իրկուտսկ), Գագիկ Գասպարյան (Արգենտինա), Վասո Սադոև (ՌԴ, Մոսվկա), Սարո Դանիելյան (Ագենտինա), Յուրի Սարգսյան (ՌԴ, Դոնի Ռոստով), Գևորգ Դաբաղյան, Արմեն Գրիգորյանի, Էմանուել Հովհաննիսյան, Ջիվան Գասպարյան կրտեսեր (Հայաստան) և այլք:
Երեկոյի ընթացքում հայկական ժողովրդական երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաև երիտասարդ երգիչ-երգչուհիները՝ Գուրգեն Դաբաղյան, Արմեն Դավթյան, Եվա Թաշչյան, Հայկուհի Բաբախանյան:
Երեկոյի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին ու հավելեց. «Երեկոյի ընթացքում, փայտե այս փոքրիկ գործիքով, մասնակիցները մեզ հուզեցին, հիացրին, զարմացրին: Լեփ-լեցուն դահլիճում մենք մի պահ մենակ մնացինք, խոհերի մեջ ընկանք. սա է հայկական դուդուկի առանձնահատկությունը:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արգենտինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Արցախից ժամանած մեր դուդուկահարներին, նրանք ոչ միայն վարպետ կատարողներ են, այլև իրենց կողքին պատրաստում են աշակերտներ, ովքեր շարունակելու են դուդուկի ավանդույթները:
Շնորհակալ եմ, որ ձեր օգնությամբ նաև մենք փառաբանեցինք դուդուկը, և դուդուկի առաջին փառատոնի հիմադիրները դարձանք, փառատոն, որը շարունակական է լինելու:
Ուզում եմ, որ մենք փառաբանենք նաև դուդուկի բոլոր այն վարպետներին, որոնց օգնությամբ դուդուկը համաշխարհային ճանաչում ստացավ և այսօր հնչում է աշխարհի տարբեր բեմերում:
Այսօր, այս բեմում միաձուլվել են Սփյուռքն ու Հայրենիքը, ինչը վկայում է, որ Հայաստանը և Սփյուռքը միասին են, որ Հայաստանի ուժը Սփյուռքի մեջ է»:
Ելույթի վերջում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փառատոնի մասնակցության հավաստագրեր հանձնեց երեկոյի մասնակիցներին:








All the contents on this site are copyrighted ©.