2011-08-31 09:39:22

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Կաթողիկէ Ուխտաւորներին


Օգոստոսի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթողիկէ Եկեղեցու Աւստրիայի թեմերից Հայաստան ժամանած 37 ուխտաւորների՝` առաջնորդութեամբ հոգեւոր հովիւ հայր Էդմունդ Մուհրերի։ Խմբի Հայաստան այցելութեան նպատակը հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային արժէքներին հաղորդակից դառնալն է։
Ողջունելով ուխտաւորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝` Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց խմբի անդամներին։ Նորին Սրբութիւնն իր խօսքում անդրադարձաւ Աւստրիայում իր ուսումնառութեան տարիներին եւ յիշողութիւններին։
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաեւ ուխտաւորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական եւ էկումենիկ կեանքին։
Հանդիպմանը ներկայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Տ Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը կաթողիկէ ուխտաւորներին հանգամանօրէն ներկայացրեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու յարաբերութիւնները Քոյր Եկեղեցիների, մասնաւորապէս Կաթողիկէ Եկեղեցու հետ, տեղեկացրեց երկու Եկեղեցիների միջեւ առկայ համագործակցութեան մասին սոցիալական ոլորտում։
Հանդիպումից յետոյ ուխտաւորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս Պատարագի արարողութեանը։








All the contents on this site are copyrighted ©.