2011-08-16 14:05:47

2011-ը ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻ ՏԱՐԻ


Հայ մանուկներու Տարուայ Առթիւ Կայացած Միջոցառումը՝ Նոր Ջուղայի Մէջ։
Անսալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի, 2011 թուականը Հայ մանուկների տարի յայտարարելուն Նոր Ջուղայի հայոց ազգ. համալիրի սրահում իրականացաւ մի գեղեցիկ միջոցառում՝ նուիրւած Հայ մանկան տարւան, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն եպս. Չարեանի։ Այդ օրը «Արմէն» կրթահամալիրի սրահը զարդարւած էր գոյնզգոյն փուչիկներով ու մանկական հեքիաթների հերոսների պատկերներով:

Դահլիճը թնդում էր երեխաների զւարճալի ձայներից եւ մանկան ծիծաղներից:
Միջոցառումը պաշտօնապէս բացւած յայտարարւեց «Արմէն» կրթահամալիրի աղջ. բաժնի տեսչուհի Լիոնթին Աբրահամեանի բարիգալստեան եւ ողջոյնի խօսքով: Այնուհետեւ Սրբազան Հայրը իր հայրական պատգամը փոխանցեց մանուկներին: ''Եթէ մենք բոլորս չլինենք Յիսուս մանկան պէս, ապա չենք արժանանայ Աստծոյ արքայութեանը: Իմ լաւ երեխաներ, եկէք բոլորս դառնանք Յիսուս մանուկի բարեկամները: Մեր սրտերը բացենք, մեր հոգիները բացենք, որպէսզի Յիսուսը տեղ գտնի մեր մէջ: Եթէ մենք Յիսուսի բարեկամները դառնանք, միշտ ուրախ եւ ժպտադէմ կը լինենք'':
Սրբազան Հօր պատգամից յետոյ՝ բեմը տրամադրւեց Հայ «Արարատ» միութեան «Լ. Շանթ» թատերախմբի բեմադրիչ Վիգէն Մովսիսեանին, որի գեղեցիկ պատմուածքի ներքոյ «Արմէն» համալիրի սաները բեմականացրեցին Յ. Թումանեանից՝ «Կիկոսի մահը» եւ «Սուտլիկ որսկանը»: Նրանք ներկայացրին նաեւ մի քանի առակներ:
Ծրագրի աւարտին Կրօնական խորհրդի կողմից մանուկներին նուիրուեցին գունագեղ փուչիկներ եւ խաղալիքներ, որից յետոյ զոյգ դպրոցների ծնողական խորհուրդները հիւրասիրեցին աշակերտութեանը:








All the contents on this site are copyrighted ©.