2010-08-27 12:49:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով երագոյն յանձնակատարի ներկայացուցչին


Օգոստոսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով երագոյն յանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթիւ Դէսալեյնին։
Ողջունելով պրն Դէսալեյնի այցն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբութիւնը յաջողութիւն մաղթեց նրա աստուածահաճոյ եւ մարդասիրական առաքելութեանը։ Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակութիւն յայտնեց ՄԱԿ-ի գրասենեակի եւ Մայր Աթոռի միջեւ ձեւաւորուած համագործակցութեան համար, որի շնորհիւ համատեղ իրականացուել են բնապահպանական մի շարք ծրագրեր։
Մասնաւոր անդրադարձ կատարուեց փախստականների խնդիրներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք յայտնեց այն զօրակցութեան համար, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչութիւնը ցուցաբերում է փախստականների ընտանիքներին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պրն Դէսալեյնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմութիւնը, ինչպէս նաեւ Եկեղեցու ներկայիս բազմակողմ գործունէութիւնը սոցիալական ոլորտում։

Վերապատրաստում-կոնֆերանս Կիպրոսում
Օգոստոսի 18-20-ը Կիպրոսի Լառնակայ քաղաքում Վորլդ վիժն միջազգային բարեգործական կազմակերպութեան հովանաւորութեամբ տեղի ունեցաւ Պատանիների աստուածաշնչային դասընթաց-ի ծրագրի տարեկան վերապատրաստում-կոնֆերանսը։ Կոնֆերանսը կազմակերպուել էր Հայաստանի կիրակնօրեայ դպրոցներում գործող ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի շրջանակներում։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Վարդան աբեղայ Նաւասարդեանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Պարոյր քահանայ Աւետիսեանը։ Ժողովին ներկայ էր նաեւ Վորլդ վիժն կազմակերպութեան հայաստանեան մասնաճիւղի Եկեղեցու եւ պետութեան հետ յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Կարինէ Յարութիւնեանը։ Կոնֆերանսի ընթացքում հնչեցին երեխաների քրիստոնէական դաստիարակութեան, ինչպէս նաեւ դասաւանդման մեթոդաբանութեան վերաբերեալ ելոյթներ։







All the contents on this site are copyrighted ©.