2010-08-22 13:07:53

Հայ ազգի նշանաւոր դէմքեր - Միջնադարեան Շրջանի Հայ Բժիշկներ՝ Ամիրդովլաթ Ամասիացի


Հայ ազգի նշանաւոր դէմքեր - Միջնադարեան Շրջանի Հայ Բժիշկներ՝ Ամիրդովլաթ Ամասիացի

Մխիթար Հերացուց յետոյ, Ամիրդովլաթ բժշկապետը 15րդ դարի խոշորագոյն դէմքերից մէկն է համարւում: Նրա ծննդեան յստակ թիւը յայտնի չէ. ըստ Մանուկ Աբեղեանի, նա ծնուած պիտի լինի 1414 կամ 1419 թուին: Բրիտանիայի թանգարանում գտնուող Ամիրդովլաթի ,Անգիտաց Անպէտե ձեռագրի վերջում, նրա մահուան թուականը յիշատակուած է. ,Փոխեցաւ ի Քրիստոս Ամիրդովլաթ բժիշկն թարգմանող գրոցս (1496), Դեկտ. (8), օրն Հինգշբթի:

Ստոյգ է, որ իր բժշկական գիրքը գրել է 1459 թուականին: Բուն անունը եղել է Գէորգ, իսկ մականունը՝ Ամիրդովլաթ, որը արաբերէն ամիր եւ դովլաթ արմատներից է կազմուած. առջինը նշանակում է իշխան, իսկ երկրորդ արմատը՝ պետութիւն:

Որպէս պալատական բժիշկ, եղել է թուրք սուլթան Մահմուդի պալատում, վայելել է սուլթանի եւ պալատականների սէրն ու յարգանքը: Սուլթանը նրան շնորհել է ,ճառահպաշիե՝ վիրաբուժ տիտղոսը: Նա բաւական հարուստ բժշկական գրականութիւն է թողել իր յաջորդներին: Նրա իսկ վկայութեամբ, ինք շատ դժուարութիւններ է կրել, մինչեւ կարողացել է տիրապետել բժշկական մասնագիտութեանը: Տիրապետել է արաբերէն, պարսկերէն, թուրքերէն եւ լատիներէն լեզուներին, որոնց օգնութեամբ եւ թարգմանութեամբ գրել է իր բուժարան գիրքը եւ բժշկական այլ գործերը:

Այս կապակցութեամբ, նա յստակօրէն խոստովանութիւն ունի եւ նշում է, որ մէկ առ մէկ յիշատակելու է օգտագործուած աղբիւրները: Ամիրդովլաթ բժշկապետի գիտական աշխատանքներից են՝

Ա. ,Օգուտ բժշկութեանե

Այս գրքի ձեռագիրը գտնւում է Հայաստանի Մատենադարանում եւ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի հայագէտ Ստեփ. Մալխասեանի խմբագրութեամբ: Գիրքն ունի մի յառաջաբան, որտեղ նա յիշատակում է. ,Այլ իմացի՛ր, եղբայր, որ գիրքս մեր խօսքն չէ. առաջին իմաստասիրացն եւ բժշկական իմաստասիրացն եւ վերջին փիլիսոփայիցն եւ այս ամէն բժշկացն խօսքն է…ե:

Ըստ Ամիրդովլաթ բժշկապետի, կատարեալ բժիշկն պիտի ունենայ հետեւեալ հինգ պայմանները. ,ա) Իմանայ զօդն քաղաքաց, բ) իմանայ զեղանակն, գ) իմանայ հիւանդին զմահն եւ զկեանքն, դ) իմանայ հիւանդութեան պատճառն եւ զբնութիւն հիւանդի, ե) իմանայ զդեղին բնութիւնն եւ զօրութիւննե: Եթէ բժիշկն այդ հինգ պայմանը գիտէ, նշանակում է՝ ,բժիշկ է կատարեալե, իսկ եթէ չի տիրապետում դրանց, նշանակում է՝ ,նա չէ բժիշկ եւ իմաստուն, եւ ոչ ունի մասն բժշկութեանե:

,Եղիր հետեւող իմաստութեան հետ, եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտե, (Ա.Գ. Առաքելեան, հատոր բ.):

Բ. ,Անգիտաց Անպէտ

Այս գիրքը նա սկսել է գրել 1478թ., Կ. Պոլսում, եւ աւարտել է 1482 թուականին: Գիրքը համարում է անգէտներին ոչ պիտանի, դրա համար էլ այդպէս է վերնագրել այն:

Շարադրանքը միջին հայերէնով է, որպէսզի հասկանալի դառնայ ընթերցողներին: Գրքի նախաբանին մէջ նա հանգամանօրէն թուել է դեղորայքին կապուող ենթավերնագրեր, ինչպէս՝ ,դեղերու բնութիւն, դեղերու համերն, դեղերու հոտերն, դեղերու գոյներն, դեղերու գործքն եւ զօրութիւնն, դեղերու պատրաստութեան արուեստը…ե, (Ա.Գ. Առաքելեան, հատոր բ.):

Գիրքը հիմնականում բժշկական հանրագիտարան է, որտեղ բնութագրուած են շուրջ 3754 դեղանուններ՝ այբենական կարգով դասաւորուած:

Գ. ,Ախրապատինե

Միջին դարերում դեղագիտութեան եւ դեղաշինութեան գիրք, որի մէջ բացատրւում էին դեղերի յատկութիւնը, պատրաստելու եղանակը եւ գործածութիւնը՝ ,ֆարմակոպիաե:

Բժշկապետը գիրքը գրել է 1481թ., Պոլսում: Սա եւս դեղագործական, բժշկական կիրառութիւն ունի. այնտեղ բացատրուած են դեղերի պատրաստման եղանակները, դրանց ազդեցողութիւնը մարմնի անդամների վրայ եւ դրանց պատկանելիութիւնը իւրաքանչիւր հիւանդութեան:

Դ. ,Գիրք Ռամկականե

Ամիրդովլաթ բժշկապետի տուեալ աշխատութեան մասին Ա.Գ. Առաքելեանի ամբողջական բնութագրումն է՝ ,Այս գիրքը Ամիրդովլաթի սեփական ստեղծագործութիւնը չէ, այլ արաբերէնից թարգմանութիւն է, որ կատարել է Ամիրդովլաթը 1474թ.: Գիտական աշխատանք չէ այն, այլ մոլորակների շարժումների հիման վրայ կատարուած գուշակութիւնների ու կախարդութիւնների մի ժողովածու: Մինչեւ այժմ պարզուած չէ, թէ ինչո՞ւ պէտք է այդպիսի մի գիրք թարգմանի Ամիրդովլաթը:

Դրանով հանդերձ, հայ բժշկութեան մէջ իր դասական տեղն ունի նա, որի վաստակը հիմք ծառայեց իրենից յետոյ եկող հայ բժիշկների գործունէութեան ծաւալումներին: 








All the contents on this site are copyrighted ©.