2010-05-08 12:14:44

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՅԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ


Յաղթանակի ու խաղաղութեան տօնի եւ Շուշիի ազատարութեան օրուայ առիթով Գարգեին Բ Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ է յղել ։
Հայրապետական ուղերձում ասւում է
Սիրելի ժողովուրդ հայոց,
Ի Հայաստան, յարցախ եւ ի Սփիւռս ողջոյն ենք յղում ձեզ բերկրաշատ հոգով եւ շնորհաւորում լուսաւոր ու պայծառ երկու տօների ''Յաղթանակի եւ խաղաղութեան եւ Շուշիի ազատարութեան'' օրուայ կապակցութեամբ։
Այս տարի տօնախմբում ենք 65-րդ յոբելեանական տարեդարձը ժողովուրդների մեծ յաղթանակի, որով վերջ դրուեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Մայիսի 9-ին խաղաղութեան աւետիսը հնչեց աշխարհին՝ ''ուրախութեամբ համակելով եւ լուսաւորելով հոգիները նաեւ մեր ժողովրդի զաւակների, ովքեր հերոսական մասնակցութիւն են ունեցել ֆաշիզմի ու բռնութեան դէմ պայքարում եւ յաղթանակի ձեռքբերման գործում։ Աշխարհասփիւռ մեր ժողովուրդը այդ մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում, տարբեր երկրների ազատարութեան համար մղուող պայքարում պաշտպանում էր նաեւ խաղաղութիւնն ու ազատութիւնը Հայաստանի ''համայն հայութեան Հայրենիքի''։ Արդարեւ, հայրենական պատերազմ էր նաեւ համայն հայութեան համար։
Այսօր վերստին անդրադառնալով մարդկութեանը մեծագոյն զոհեր ու զոհողութիւններ պատճառած պատերազմի դէպքերին ու իրադարձութիւններին, յիշում ենք նաեւ պանծալի ուղին հայկական դիվիզիաների, ռազմական տաղանդն ու յաղթանակները հայ զօրահրամանատարների, քաջութիւնն ու սխրանքը հայ զինուորների, պարտիզանական ջոկատներում, դիմադրութեան շարժումներում ներգրաւուած հայազգն անձնուէր դուստրերի եւ ուստրերի։ Յիշում ենք գիւղերում եւ քաղաքներում մեր ժողովրդի հոգնաբեկ աշխատանքն ու նուիրումը, որոնց արդիւնքներով հնարաւոր դարձան ռազմական յաղթանակները։ Դժուարին ու հերոսական այդ օրերի անմոռանալի յիշատակներից են սփիւռքահայութեան նախանձախնդիր արձագանքը Գեւորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին եւ դրամահաւաքը, որով արագօրէն կազմաւորուած տանկային զօրասիւները մարտերի մէջ մտան ռազմաճակատների առաջին գծում։ Փոքրաթիւ մեր ժողովուրդը իր բոլոր ուժերով մեծ մասնակցութիւն բերեց պատերազմին եւ մեծ կորուստներ կրեց ''յանուն մեր Հայրենիքի ազատ կեանքի, յանուն խաղաղ ու բարօր աշխարհի''։
Հայրենասիրութեան եւ անվեհեր ոգու այսպիսի օրինակներով ծնունդ առաւ եւ յաղթանակեց Արցախի ազատամարտը։ Արցախի ազատագրութեան յոյսը երբեք չի մարել մեր ժողովրդի հոգում, նաեւ՝ ''այն տարիներին, երբ արցախցի բազմայաղթ զօրավարները, քաջարի սպաներն ու զինուորները մարտնչում էին Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում։ Աստուածօրհնեալ այդ յոյսով լուսաւորուեց Շուշիի ազատարութեան առաւօտը, եւ այսօր, գոհութիւն Աստծուն, հաւատաւոր մեր ժողովուրդը իր խաղաղ կեանքի յաղթանակներն է կերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում։ Մեր ժողովրդի միասնական ջանքերով վերակառուցւում է նաեւ Շուշին ''Արցախի աւանդաշատ մայրաքաղաքը, միշտ նոյն անխախտ հաւատով, որ համընդհանուր ճանաչում պիտի գտնի արցախահայութեան ազատ ապրելու արդար իրաւունքը։
Մենք աղօթում ենք, որ բոլոր երկրներն ու ժողովուրդները այսօր ամրանան կամքի մէջ ''ջանքեր բերելու աշխարհում խաղաղութեան հաստատման, համագործակցութեան զօրացման եւ բարօր կեանքի կերտման ուղղութեամբ''։ Բարձրեալի օրհնութիւնն ենք հայցում աշխարհին եւ մեր ժողովրդին, որպէսզի բարի արդիւնաւորմամբ իրագործուէն մեր նպատակները ''ի սէր հայրենի երկրի բարգաւաճումի, ամէնուր ապահով ու բարօր կեանքի, հաւատքով պայծառ, գիտութեամբ ու մշակոյթով ծաղկուն մեր ներկայի ու գալիքի''։







All the contents on this site are copyrighted ©.