2009-11-01 09:15:33

Լուրեր հայկական կեանքէն։


Լուրեր հայկական կեանքէն։

Հոկտեմբեր 24-էն մինչեւ Նոյեմբեր 1-ը Երեւանի Մեթրօ թատրոնի դահլիճին մէջ տեղի կ'ունենայ Նռան հատիկ 9-րդ մանկապատանեկան թատերական փառատօնը, որը այս տարի նուիրուած է ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 140-ամեակին։ Փառատօնին այս տարի մասնակցութեան դիմում ներկայացուցած են 32 թատերախումբեր Հայաստանէն, Արցախէն եւ Ջաւախքէն, որոնցմէ 25-ը այս օրերուն բեմադրութիւնները կը ներկայացնեն։ Փառատօնի բացումը ազդարարած է Աւ. Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանի Իսահակեան թատերախումբը Խաղում ենք Թումանեան ներկայացմամբ։ Նռան հատիկ մանկապատանեկան թատերական փառատօնը հիմնադրած է եւ կը կազմակերպէ Նախաբեմ կրթամշակութային հասարակական կազմակերպութիւնը եւ Աւ. Իսահակեանի անուան գրադարանը։

- Թուրքիայի Մերսինի շրջանի Տարսուս քաղաքին մէջ Հոկտեմբեր 21-ի առաւօտեան անյայտ անձեր այրեցին Ատրպէյճանի հետ եղբայրութիւնը խորհրդանշող մանկական այգին։ Հրշէջները յաջողեցան արագօրէն կրակը մարել, սակայն այգին բաւական վնասուած է։ Ոստիկանութիւնը դէպքի առիթով հետաքննութիւն սկսած է։ Տեղական լրատուամիջոցները միջադէպը կը կապեն Ատրպէյճանի մէջ տեղի ունեցած հակաթրքական գործողութիւններուն հետ։

- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ մը յղեց Հայաստանի Ժողովրդական արտիստ, յայտնի հայ դերասան Սօս Սարգսեանին՝ ծննդեան 80-ամեակի կապակցութեամբ։ Յարգելի պարոն Սարգսեան, սրտանց շնորհաւորում եմ ձեզ ծննդեան 80-րդ տարեդարձի կապակցութեամբ։ Ձեր ստեղծագործական հարուստ ուղու մասին, համոզուած եմ, դեռ ուսումնասիրութիւններ են գրուելու՝ իմաստաւորելու եւ գնահատելու այն մեծ դերը, որ դուք ունեցել էք հայ թատրոնի եւ կինոյի պատմութեան մէջ,- կը նշուի նախագահի շնորհաւորական ուղերձին մէջ։

- Շվեդական կուսակցությունը՝ Ցեղասպանության ճանաչման օգտին



Շվեդիայի Սոցիալ Դեմոկրատական կուսակցությունը որոշում է կայացրել շարունակել իր աշխատանքները Շվեդիայի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Շվեդիայի Հայկական Ասոցիացիաների Միությունը ողջունել է այս որոշումը ու միեւնույն ժամանակ նշել, որ այն չի ազդի Թուրքիայում ժողովրդավարության զարգացման, ցեղասպանության հետաքննման եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վրա








All the contents on this site are copyrighted ©.