2009-08-01 11:55:51

Շուշին երէկ եւ այսօր


Շուշին երէկ եւ այսօր - ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից ընդամէնը 10 քմ հարաւ ընկած՝ մօտ 600 քառակուսի քմ տարածք զբաղեցնող Շուշին՝ հայոց նշանաւոր բերդաքաղաքներից մէկը, որը 1920 թուականից յետոյ հայաթափուած էր, Արցախեան պատերազմի ժամանակ ատրպէյճանիցների կողմից օգտագործւում էր որպէս ռազմական հենակէտ, ինչի արդիւնքում քաղաքը զգալիօրէն վնասուել է։ 1992 թ. Մայիս 9-ին Շուշին ազատագրուեց։

Ազատագրումից յետոյ այստեղ բացուեցին տարբեր ձեռնարկութիւններ, կրթօճախներ, թանգարան, գրադարան եւ այլն, սակայն քաղաքում դեռեւս բազմաթիւ են խնդիրները։ Մի խօսքով՝ չկայ մի ոլորտ, որտեղ խնդիր չկայ։ Բարձրագոյն կրթութեամբ մարդիկ զբաղւում են բանուորութեամբ, եթէ, իհարկէ, գտնում են նման աշխատանք։ Բնակիչների կարծիքով՝ եթէ պետութիւնը Շուշիում բնակուողների համար արտոնութիւններ սահմանէր, ապա քաղաքը շատ արագ կը վերաբնակեցուէր։ 19-րդ դարի վերջին 60.000 բնակչութիւն ունեցող կրթական, մշակութային այս կեդրոնում այժմ բնակւում է ընդամէնը 3800 մարդ։

2000թ. հիմնուած Շուշի բարեգործական հիմնադրամը գործունէութեան մի քանի տարում Շուշիում կատարել է բազմաթիւ յուշարձանների հաշուառում՝ քարտէսագրում, 18-19-րդ դարերի աւելի քան երկու հարիւր շինութիւնների ճարտարապետական չափագրում, հնագիտական պեղումներ, կազմակերպել է ցուցահանդէսներ եւ այլն։

2007թ. Յունիս 11-ին ստեղծուել է քաղաքի նոր յատակագիծը, նախատեսւում է մինչեւ 2020 թ. Շուշին վերականգնել որպէս Արցախի մշակութային կեդրոն։

Շուշիում իրականացուող ծրագրերը շատ են։ Բայց պէտք է նկատի ունենալ, որ միայն Արցախի ու Հայաստանի ուժերը բաւարար չեն քաղաքը վերականգնելու համար։ Պէտք է կեդրոնացնել համայն հայութեան ջանքերը, հայութիւնը դարձնել մի բռունցք եւ միասին վերականգնել ոչ միայն Շուշին, այլեւ բոլոր ազատագրուած տարածքները, բնակեցնել դրանք, մարդկանց ապահովել նորմալ պայմաններով, որպէսզի ոչ ոք չլքի մեր հայրերի ու եղբայրների արիւնով սրբագործուած հողը, եւ այն երբէք սակարկութեան առարկայ չդառնայ։ Հիմա աւելի, քան երբեւէ, պէտք է համախմբուել ու տէր կանգնել մեր յաղթանակներին։








All the contents on this site are copyrighted ©.