2009-01-18 14:49:28

Պօղոս առաքեալի թուղթերու մեկնաբանութիւն - պատրաստեց Հայր Անտոն Ծ Վրդ Թոթոնջյան -Հայաստան


Այսօր սկսեցինք կարդալ Պողոս Առաքյալի գրած նամակից, որն ուղղված է իր սիրելի աշակերտին և օգնականին՝ Տիմոթեոսին։ Այսօր ցանկանում եմ անդրադառնալ այս նամակի միայն առաջին մի քանի տողերին։ Երբ Ս. Պողոսն իր առաջին առաքելական ճամբորդության ընթացքում հանդիպեց Տիմոթեոսին, նա տակավին շատ երիտասարդ էր։ Նրա մայրը հրեա էր, բայց ոչ հայրը։ Ուրիշ մի տեղ Ս. Պողոսը գրում է, թե ինչպիսի աստվածապաշտ ու ջերմեռանդ կանայք էին Տիմոթեոսի մայրն ու տատիկը, ովքեր լավ ուսումնասիրել էին Սուրբ Գիրքը։

Առաջին իսկ հանդիպումից Ս. Պողոսը հավանում է այդ երիտասարդին, բայց միայն մի քանի տարի հետո, երբ վերադառնում է այդ կողմերը, Տիմոթեոսին ընդունում է իբրև իր օգնականը։ Նա մնում է իր շատ հարազատ օգնականը մինչև նահ, և նրա հանդեպ Ս. Պողոսը միշտ կատարյալ վստահություն է ցույցաբերել։

Ս. Պողոսը նրան նկատում է իբրև իր հարազատ հոգևոր զավակը։ Ամեն անգամ, երբ նա խոսում է իր աշակերտի մասին, կարող ենք տեսնել ու զգալ այդ գուրուրանքը, սերն ու հավանությունը, որ Ս. Պողոսը տածում է այդ երիտասարդի հանդեպ։

Տիմոթեոսը դեռևս թլպատված չէր։ Որպեսզի նա ավելի լավ ընդունվեր հրեաների կողմից և որպեսզի նրա առաքելությունն ավելի արդյունաբեր լիներ, Ս. Պողոսը կազմակերպում է նրա թլպատությունը։

Այս նամակի սկիզբը շատ հետաքրքրական կերպով է շարադրված։ Ս. Պողոսը սկսում է իր գրությունը՝ պարզաբանելով իր տիտղոսը Պողոսը՝ մի առաքյալ Հիսուսի Քրիստոսի։ Հունարենում առաքյալ բառը նշանակում է ուղարկված։ Ուղարկված իբրև դեսպան, որը ներկայացնում է իր ուղարկողին այնտեղ, ուր նա ուղարկված է։ Ս. Պողոսը հանդգնությամբ է, որ ինքն իր անձն այսպես է ներկայացնում։ Նա գիտակից է, որ ուղարկվել է Աստծո կողմից, արքայական հրամանով, որպես դեսպան Հիսուս Քրիստոսի։ Այդ արքայական հրամանն անմիջականորեն է տրված և ոչ թե ուրիշի միջոցով է հասել իրեն։ Այդ հրամանն այնպիսին է, որ մարդ անպայման պետք է կատարի, նա չի կարող չկատարել կամ հրաժարվել։ Մենք պետք է հասկանանք նաև, որ ամեն քրիստոնյա դեսպան է Հիսուս Քրիստոսի։ Մեզանից յուրաքանչյուրը հարկ է, որ ապրի իբրև դեսպան Հիսուսի՝ իր սեփական կյանքի օրինակով Նրա ուսուցումը հաղորդելով իր շրջանակին, և ծառայելով իբրև լավ օրինակ բոլորին։

Այդ արքայական հրաման տվողը Աստված մեր փրկիչն է։ Ս. Պողոսն իր նախորդ գրությունների մեջ այս տիտղոսը չէր տվել Աստծուն։ Բայց այս տիտղոսը շատ հարազատ է Հին Կտակարանում, ուր Աստված հաճախ ներկայացվել է իբրև փրկիչ։ Աստվածամայրն էլ այդ տիտղոսըն է տալիս Աստծուն իր Մեծացուսցե աղոթքի մեջ Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով ։ Կարևոր է նկատել, որ Ս. Պողոսը խոսում է Աստծո մասին իբրև փրկչի, որովհետև սխալ գաղաբարներ են տարածված, թե Հիսուսը մի բան արեց և այսպիսով Աստծո բարկությունը հանդարտվեց։ Բայց Նոր Կտակարանը մեզ սովորեցնում է, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն ուղարկեց, որպեսզի աշխարհը փրկի։ Մարդկության փրկությունը սկսվում է Աստծո սիրո արտահայտությամբ։

Ս. Պողոսը շարունակում է՝ ասելով, թե Հիսուսը մեր հույսն է։ Որքա՜ն կարևոր ճշմարտություն։ Երբ ուսումնասիրում ենք Ս. Պողոսի քարոզած ժամանակները, տեսնում ենք, թե որքան վատն էին այդ ժամանակների կացությունը, և մարդիկ իսկապես ավելի լավ օրեր հուսալու համար ոչինչ չունեին։ Ահավասիկ, Հիսուսն է, որ ներկայացվում է իբրև քրիստոնյայի հույսը։ Հույս՝ ոչ միայն այս աշխարհի կյանքի համար, այլ նույնիսկ, երբ հալածանք և դժբախտություններ լինեն, Հիսուսը մնում է մարդկության հույսը մահից էլ հետո։

Ս. Պողոսն իր բոլոր նամակները սկսում է որոշ մաղթանքով։ Այս նամակը նույնպես ունի մաղթանքի մի տեսակ։ Հիսուս Քրիստոսի շնորհքը, ողորմությունը և խաղաղությունը լինի քեզ հետ։

Շնորհք բառը նշանակում է այն բոլոր պարևները, որոնք տրվում են՝ առանց որ անձն արժանանա այդ պարևներին։ Եթե անձն արժանացավ պարևի, այլևս շնորհ չէ դա, այլ պարտավորություն։ Ս. Պողոսն Աստծո շնորհքը հասկանում է իբրև աստվածային պարև՝ հեթանոս աշխարհին ուղղված, որի միջոցով հեթանոսներն էլ հրավիրվում են Աստծո փրկությանն ու Աստծո արքայությանը։ Աստծո շնորհքը տիեզերական է, բոլորի համար։

Ողորմություն բառը թարգմանվում է եբրայերեն խեսեդ բառից, ոըը նշանակում է գթասիրություն։ Եթե պարզ բառերով ուզենայինք նման մի բան ասել, պիտի ասեինք Թող Աստված բարի լինի քո հանդեպ։

Մաղթում է նաև խաղաղություն, որը թարմանվում է եբրայերենի շալոմ բառը։ Եբրայերեն շալոմ բառը, որ ողջույնի արտահայտություն է, միայն պատերազմի կամ հակամարտության, կոնֆլիկտների բացակայությունը չէ։ Այն շատ ավելի լայն իմաստ ունի։ Այդ բառով հրեաները միմյանց մաղթում են ամեն բանի լավագույնը մարդու համար։ Այդ բառն իր մեջ պարունակում է համերաշխություն, հանիստ, ինչպես նաև արդարություն։








All the contents on this site are copyrighted ©.